Տեսե՛ք (հիմնված է ամենատարբեր ոլորտներում և ընկերություններում աշխատող մարդկանց՝ աշխատատեղում տարվող խոսակցությունների վրա).
ԱՄՌԱՆԸ
- Նենց շոգ ա, մարդու գործ անելն էլ չի գալիս (եթե օդորակիչ չկա)
- Վայ, էս կոնդիցիոները նենց ուժեղ քամի ա անում, մեջքս բռնվեց, էլ չեմ կարում գործ անել (եթե օդորակիչ կա)
- Օյ, մի հատ անձրև էլ թարսի պես չի գա, հա: Գոնե գար, մի քիչ հովացներ (երբ որ անձրև չկա)
- Օյ, էս անձրևն ինչի՞ եկավ: Սաղ ջուր եղա (երբ որ անձրևում է)
ԱՇՆԱՆԸ
- Մարդ էլ էս եղանակին գո՞րծ անի: Ուզում եմ գնալ մի տեղ, տերևների մեջ ման գամ, նենց սիրուն աշուն ա (երբ որ անձրև չկա, տարբերակ մեկ)
- Այ մարդ, էս ի՞նչ աշուն ա: Բա մի հատ անձրև չգա՞ր (երբ որ անձրև չկա, տարբերակ երկու)
- Մարդ էլ էս եղանակին գո՞րծ անի: Նետ չտոբի գնար տուն, գիրքն ու չայը վերցներ, պառկեր, կարդար (անձրևի դեպքում)
ՁՄՌԱՆԸ
- Ուֆ, էս Նոր տարին ի՞նչ ա որ: Ինձնով լիներ, վաբշե չէի էլ նշի: Ո՞ւմ ա պետք:
- Վայ, էս Նոր տարվա սեղանի ու նվերներն առնելու հետ կապված էնքան գործ ունեմ անելու, որ էլ չասեմ: Հե՛չ գործ անելս չի գալիս: Սաղ գործերս թողած՝ նստել եմ օֆիսում: Նետ չտոբի մեր դրության մեջ մտներ, շուտ տուն թողեր:
- Ուուուուուույ, էսքան օր տանը նստելուց հետո գործ անելս չի գալիս: Մի տեսակ հետ եմ սովորել գործից:
- Oյ, նենց ուշ ա լույսը բացվում, ու նենց շուտ ա մթնում: Դրա համար էլ սաղ օր քունս տանում ա:
- Բա հիմա տանը նստած չլինեի՝ տաաաաք, մի տեղ կուչ գայի ու տենց նայեի, թե ոնց ա ձյունը նստում: Վաաախ:
ԳԱՐՆԱՆԸ
- Էս տարի գարունը տվել ա գլխիս: Չեմ կարում գործի վրա կենտրոնանամ: Հորմոններն են մեղավոր: Ոչինչ: Երեք ամիս մնաց:
- Բա մարդ էլ էս նմանի եղանակին օֆիսում նստի: Ծառերը ծաղկում են, արև, տաք, ուֆ, չէ՛, նստի՛ օֆիսում: Ինչի՞ համար՝ մարդ չի հասկանում:
- Միամսյակ-միամսյակ: Թե էս մարտի 8-ն ո՞ւմ ա պետք (այսպես հիմնականում միայնակ կանայք ու աղջիկներն են ասում)
ՆՈՐԻՑ ԱՄԱՌ
- Ուֆ, ե՞րբ եմ արձակուրդ գնալու: Մի քիչ հանգստանամ, թե չէ էս տարի շատ եմ հոգնել: Սաղ տարի աշխատում-աշխատում ես, գոնե էս երկու շաբաթը մի քիչ ինձնով զբաղվեմ (արձակուրդից առաջ)
- Ուֆ, էս արձակուրդից հետո լրիվ անջատված, գործից կտրված (расслабуха) վիճակ ա: Սենց չեղավ: Գնամ մի քիչ քնեմ, ուշքի գամ: Համ էլ նենց շոգ ա (արձակուրդից հետո)
Ի՞նչ եմ ուզում ասել՝ ելնելով այս ամենից:
Եթե այն աշխատանքը, որն օրեցօր անում ենք, մեզ դուր չի գալիս, պետք է այն փոխել:
Մենք մեր կյանքի գրեթե 1/3-ը անցկացնում ենք աշխատավայրում, ու եկե՛ք անենք այնպես, որ բոլորին՝ և՛ մեզ, և՛ շրջապատողներին, լավ լինի:
Ես չեմ հավատում, որ լավ մասնագետն իրեն գործ չի գտնի այսօրվա պայմաններում:
Թե չէ, իրո՛ք, բողոքելու իմաստն ինչո՞ւմ է: Բողոքն առանց գործելու, ինչ-որ բան փոխելու մտադրության ամենաանիմաստ բանն է, որ մարդ կարող է անել:
Իմ շատ համեստ կարծիքով :)